Շնորհընկալ գեղանկարիչ Ժորա Գասպարյանն իր վրձնի ուժով, իր ինքնատիպ արվեստով մարդուս միջից դուրս էր հանել ու կերպարանք տվել այն յոթ մահացու մեղքերին, որոնք այդպես քայքայում ու խորտակում են մեր անձերը, մեր կյանքը, մեր հասարակությունը:
Հայր Ասողիկ Կարապետյան
Մայր Աթոռի Թանգարանների և Արխիվի տնօրեն
Ժորա Գասպարյանի արվեստը ինձ գրավել է դեռևս վաղ ուսանողական տարիներից, երբ մասնագիտական տեսանկյունից սխալվելու հավանականությունն այնքան մեծ էր, սակայն պետք է խոստովանել, որ միևնույն ժամանակ արվեստի ստեղծագործությունն ընկալելու զգայական, ինտուիտիվ հակումն ավելի առաջնային էր և տարիներ անց մասնագիտական հայացք գցելով նրա ստեղծագործություններին, դրանք ինձ նորից դարձնում են ուղղակի դիտորդ ով կարողանում է առաջին հերթին զգալ արվեստի ստեղծագործությունը, մի կողմ թողնելով մասնագիտական քննադատական մտքերը, քանի որ այդ ստեղծագործություններում ստեղծված է գույնի, ձևի և բովանդակության կատարյալ ներդաշնակություն։ Տարիներ շարունակ հետևելով նրա ստեղծագործական փուլերին, միևնույն ժամանակ բացառելով արվեստում «պրոգրես/առաջընթաց» հասկացությունը, ոճական և բովանդակային փոփոխությունները համարելով արվեստագետի իր առաջ դրված խնդրի փոփոխության հետևանք, պարզ է դառնում, որ այս արվեստագետը գնում է ժամանակին համընթաց և պարբերաբար փոխում արվեստում ինքն իրեն առաջադրած խնդիրները։
Գայանե Հովհաննիսյան
Արվեստաբան
Ժորա Գասպարյանի արվեստը՝ առաջին իսկ հայացքից ուշադրություն գրավողներից է, մասնավորապես արվեստասեր այն խավի համար, որոնք ստեղծվածի մեջ նախ և առաջ միտքն են որոնում՝ ասելիքը... Կոնցեպտուալիզմը ընդհանրապես մտքի՛ արվեստ է, որտեղ, արվեստագետը իր խոհն է առաջին աստիճանի վրա դնում, երբեմն նույնիսկ երկրորդական տեղ տալով գեղագիտական ( էսթետիկ) խնդիրներին: Ժորա Գասպարյանի աշխատանքները նյութն անտեսող բնավորություն ունեն: Նրանք առաջադրանքներ են տալիս դիտողին, հարցադրումների առաջ դնում յուրաքանչյուրիս և առաջարկում են մեզ աւելի անփույթ լինել անկարևորի նկատմամբ, հիշելով մարդու համար առավել կարևորը՝ մտածելու, խոհափիլիսոփայելու, կյանք- առեղծվածը հասկանալու և անպայման ԶԳԱԼՈՒ խնդիրը: Նրա կտավներում, հաճախ կարող են մեզ հանդիպել անիրական պատկերներ, որոնք սակայն տարօրինակ մի թելով կապված են մեր հոգուն: Թվացյալ մի թեթևություն կա անգամ ամենածանր ու բարդ թեման շոշափող իր աշխատանքներում: Նրա «Երազողի Թռիչքը»կտավը, «Պատմություններ պատերազմից» քառապատկերները, «Այնտեղ՝ բարձր բլրին» մեծակտավ աշխատանքը, «Կապ հավերժի հետ»- ը, Կոմիտասյան «Կալի երգը» և ուրիշ շատ կտավային աշխատանքներ, հստակ սահմանահատումներ են մարդու նյութեղեն կյանքից՝ հավերժականին անցնելու ընթացքին: Ժորան հեշտությամբ է անցնում արգելակող սահմանները և այն անում է առանց կռվի, առանց թշնամանքի, առանց ցասման ու ավելորդ ողբի...Նա հաշտ է կանքի հետ և նրա հաշտությունն ու ներքին՝ իմաստուն խաղաղությունը հաճախ ամենադժվար ու բարդ թվացող խնդրի առաջ անգամ կանգնում են ժպիտով... Բարության ու սիրո երգ կա յուրաքանչյուր ստեղծագործության մեջ...Երեխայի հայացք՝ կյանքին, որտեղ մարդն ավելի մոտ է կանգնած արարչին...Որտեղ մարդը բովանդակություն է՝ զերծ զգեստներից ու ձևից:
Նուշիկ Միքայելյան
«Գալա Արտ» ցուցասրահի գեղարվեստական տնօրեն
Այն տարածության մեջ և այն ուղեծրում, որտեղ տարածվում է Ժորա Գասպարյանի արվեստը, կարելի է բացառիկ ազնվություն և անհամաձայնություն գտնել այն ամենի հետ, ինչ չի համնկնում խղճին, հավատքին և զգայականությանը ։ Ներառելով կլասիցիզմի ողջ հուզականությանը Ժորայի արվեստը բացարձակապես ժամանակակից շունչ է պարունակում։ Այդ ամենի հետ մեկ վերաբերմունքի և կատարման շնորհիվ տարբերվում է այն ամենից, ինչ կա այսօր ժամանակակից արվեստի աշխարհում:
Արման Նուռ
Նկարիչ, քանդակագործ, դիզայներ և ոսկերիչ
Հայաստանի նկարիչների միության անդամ Ժորա Գասպարյանը հանդիսանում է հայ արդի նկարչության վառ ներկայացուցիչներից։ Նրա աշխատանքները իրենց ուրույն տեղն են զբաղեցնում հայ կերպարվեստի բնագավառում։ Ժորա Գասպարյանը ակտիվ մասնակցում է խմբակային տարբեր ցուցահանդեսների ինչպես Հայաստանի այնպես էլ արտերկրի տարբեր հեղինակավոր ցուցասրահներում՝ բարձր պահելով Հայաստանի Հանրապետության անունը։
Սուրեն Սաֆար
Գեղանկարիչ, ՀՀ նկարիչների միության նախագահ
Zhora Gasparian © 2022. All Rights Reserved. | Developed by PAP ART Gallery